«Պետական վերահսկողական ծառայության մասին» և կից մի շարք օրենքներում նոր կարգավորումներ են առաջարկվում
Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը լուծարվելու է նախարարության կազմից: Նշված գործառույթը կիրականացնի ՊՎԾ կազմում հատուկ այդ նպատակով ձևավորվող մասնագիտացված նոր ստորաբաժանումը՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելիս: Նրա գնահատմամբ այս փոփոխություններով ավելի արդյունավետ կդառնա պետական բյուջեի նկատմամբ հսկողության գործընթացը:
Օրենսդրական փաթեթով առավել հստակեցված են ծառայության լիազորությունների իրացման, վերահսկողական երկու հիմնական գործիքակազմերի՝ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը: Ծառայության գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար կլինեն հիմնական երկու լիազորությունների՝ ուսումնասիրությունների ու մշտադիտարկումների իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերը՝ յուրաքանչյուրը հստակ իրավական գործիքակազմերով:
«Պետական վերահսկողական ծառայության մասին» գործող օրենքով ծառայությունը պետական վերահսկողության շրջանակում և օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակում Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ՝ բացառապես պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Նոր նախագծով այդ մարմինները դուրս են բերվել ՊՎԾ վերահսկողական լիազորությունների շրջանակից և ծառայության կողմից ինքնավար մարմիններում որևէ վերահսկողական գործառույթ չի նախատեսվում: Այսպիսով՝ ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործիքակազմերի ամբողջական ծավալը միայն պետական կառավարման համակարգի մարմիններին և դրանց ենթակա հիմնարկներին է վերաբերելու: Վերահսկվող օբյեկտ է նախատեսվել նաև Վարչապետի աշխատակազմը՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության մասով: Մարզպետների աշխատակազմերը եւս վերահսկողության օբյեկտ են նախատեսվել:
Գործող օրենքով ծառայությունը ՏԻՄ-երում իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով: Նոր կարգավորմամբ ՏԻՄ մարմիններում վերահսկողություն իրականացվելու է նաև պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ՝ ի թիվս դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման գործառույթի: Խոսքը բացառապես այդ միջոցների կառավարման օրինականությանն է վերաբերում: Ըստ ՊՎԾ ղեկավարի՝ այդ միջոցների կառավարման, այդ թվում՝ ծախսման հայեցողությունը և դրանց բովանդակային վերահսկողությունը բացառապես ՏԻՄ լիազորությունների շրջանակում է:
Ծառայության լիազորությունների շրջանակում պետական կառավարման համակարգի մարմիններին ենթակա հիմնարկներում գնումների գործընթացները կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում ընթացիկ մշտադիտարկման տիրույթում են պահվելու նաև տեղական ինքնակառավարման մարմիններին և համայնքներին ենթակա գործող հիմնարկներում իրականացվող հանրային գնումների գործընթացները՝ վերահսկելու դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը: Այդ գործառույթները եւս իրականացվելու են բացառապես օրինականության վերահսկողության նպատակով՝ առանց միջամտելու ՏԻՄ-երի ինքնուրույնությանը:
Նախատեսված հաջորդ կարգավորմամբ այսուհետ ՊՎԾ-ի կողմից վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում ծառայության գործունեությանը չխոչընդոտելու համար կստեղծվեն օրենսդրական երաշխիքներ՝ վարչական պատասխանատվության միջոցով: Նախագծով կանոնակարգվել են նաև ծառայության բնականոն և արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման և մշակման ընթացակարգերը՝ համաձայն գործող օրենսդրության:
Հարցի քննարկումը կշարունակվի ապրիլի 18-ի նիստում: