Պաշտոնից հեռանալուց հետո պարզվում է, որ իրենք արդարության առաջամարտիկներն էին. Ավինյանը՝ Քերոբյանի հայտարարության մասին
Ինձ մոտ միշտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ տարբեր անձինք, ինչ-որ ժամանակ պաշտոնի լինելուց հետո, տարբեր պատճառներով այդ պաշտոնից զրկվում են, հետո ստացվում է, որ իրենք արդարության առաջամարտիկներն էին, միշտ պայքարում էին արդարության համար, իսկ բոլոր մնացածը վատն էին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե ԱՆԻՖ-ում չարաշահումներ թույլ են տվել նաեւ խորհրդի անդամները:
«Չեմ ուզում նույնիսկ մտնել այդ բանավեճի մեջ: Ես եղել եմ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահը եւ վարձատրություն չեմ ստացել դրա համար: ԱՆԻՖ-ը 2018-ին այն միակ կազմակերպությունն էր, որ «ՄԱՍԴԱՐ» ընկերությանն էր բերել, եւ առաջինը ՀՀ-ն էր նախաձեռներ 200 մեգավատտ արեւային կայանների կառուցման աշխատանքները: Դրանից հետո մեր հարեւան երկրները ընդորինակելով դա իրականացրեցին նույն ընկերության հետ նմանատիպ ծրագրեր:
Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, թե ով էր ճիշտ, ով էր սխալ, ով ինչ ասաց, չարաշահում եղավ, թե չեղավ»,-ասաց Ավինյանը:


