Միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար․ Մակրոն
Միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նկատի ունենալով ՀՀ-ին սպառազինության վաճառքը:
Ֆրանսիայի նախագահն այս մասին ասել է Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում:
«Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց», - ասել է Մակրոնը:
Նա ընդգծել է, որ Փաշինյանից երբևէ չի լսել պատերազմի կամ ագրեսիայի վերաբերյալ որևէ մտադրություն:
Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ նորմալ է, երբ Փարիզը պարզապես պատասխանում է ինքնիշխան երկրի՝ Հայաստանի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ երկրի կողմից:
«Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտին հասցնեն խաղաղության պայմանագիրը, ապա մենք կաջակցենք նման համաձայնագրին», - ընդգծել է Մակրոնը՝ խոսելով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի մասին:


