Շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար. Տիխանովսկայան՝ Միրզոյանի հետ հանդիպման մասին
2020թ. Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Բելառուսի նախագահ «Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար»: Նա այս մասին գրել է X-ում՝ տեսանյութ հրապարակելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից:
«Մեծ պատիվ է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Վիլնյուսում։ Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար և հույս հայտնեցի Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցության շարունակականության համար։ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդն արժանի է ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի», - գրել է նա:
Նախօրեին հաղորդվել էր, որ Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։


