ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Մեր թիրախը լինելու է ազատագրումը չարիքից. Բագրատ Սրբազան

Մեր թիրախը լինելու է ազատագրումը չարիքից. Բագրատ Սրբազան

Մեր թիրախը լինելու է ազատագրումը չարիքից։ Ժողովուրդ ջան, կասկած չունենաք ոչ մի վայրկյան, մենք ընթանալու ենք առաջ, ընթանալու ենք մինչև չարիքի հեռացումը: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող՝ ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վերստին ուզում եմ կրկնել՝ մեր շարժման հիմքն ու էությունը բարձր իմաստով հոգևոր է, տեսակով՝ ազգային-ազատագրական, իր լուծումները վերջնահանգրվանին՝ քաղաքական, բայց երբեք մեր Շարժումը չի կարող լինել քաղաքական։

Շարժումը նաև ստի դեմ է: Մենք գիտենք, որ ստի հայրը սատանան է, ուրեմն, լայն իմաստով, մեր շարժումը չարիքի դեմ է, չարիքի մարմնավորման դեմ է, այն չարիքի, որը վիշապի պես նստած է զուլալ աղբյուրի ակունքին ու ոչ միայն խմում է այդ ջրերը՝ փչացնելով, սպառելով ու ոչնչացնելով, այլև միևնույն ժամանակ ծարավի է մատնում ողջ ժողովրդին։ Այդ չարիքը լինելու է մեր թիրախը, մեր հիմնական թիրախը, այն վերացնելն է լինելու մեր թիրախը, ազատագրությունը՛՛:

Ըստ Սրբազանի՝ շարժման քաղաքական լուծումները, ապա դրա պահանջը, իրենք արդեն դրել են։

՛՛Լուծումները տարաբնույթ են, բայց մեկն է թիրախը՝ ազատագրում չարիքից։ Եվ դա քաղաքական լուծում է։ Մեր պայքարն այդպես է լինելու: Մեր շարժման տրամաբանությունն այն է, ինչով սկսել ենք՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: