Մենք ՀՀ եկանք այն պահին, երբ կարող ենք անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալից գործողությունները. Փելոսի
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին այսօր Երևանի ՛՛Գաֆէսճեան՛՛ արվեստի կենտրոնում ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
՛՛Իմ այցը շատ ավելի վաղ էր պլանավորված, բայց այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալից գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը՛՛,-նշեց նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՛՛Միացյալ նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին, կարգավորմանը։ ԱՄՆ-ն վաղուց ի վեր նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Շարունակաբար պահպանվող ռազմական գործողությունները նորանոր կյանքերի կորստյան են հանգեցնելու, նորանոր տեղահանությունների, և մեծ գին է վճարվելու դրա համար՛՛:
Փելոսիի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է.
՛՛Մենք անվտանգության, կայունության և խաղաղության հարցերում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանձնառու ենք՛՛,-հավելեց նա:


