երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյան

Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին առաջարկել է բացել երկաթուղային կապը։ 

 Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ 

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել է շատ վաղուց: 

«Եվ այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք»,–նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից պատասխան ստացվե՞լ է՝ Փաշինյանն ասաց. «Ըստ էության գրավոր առաջարկին գրավոր պատասխան չենք ստացել: Կան այլ մեկնաբանություններ»: 

Նա հավելեց՝ ցանկացած նախագիծ իրականացման ընթացքում ունենում է նրբություններ, և այդ նրբությունների շուրջ պետք է աշխատել: 

««Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ պատրաստ ենք ընթացակարգերի պարզեցումների՝ 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն: Հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը  բացենք, մասնավորապես Հորադիզ–Երասխ գծի վրա, և Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ»,-ասաց Փաշինյանը:  

Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը հենց այսօր պատրաստ է գնալ այդ լուծումներին: 

«Նաև շատ կարևոր է արձանագրել, որ երբ ասում ենք՝ պատրաստ ենք այդ լուծումներին, մենք մեզ հարց ենք տալիս՝ մեր հանրությունը ո՞նց կվերաբերվի այն լուծումներին, որոնք մենք առաջարկում ենք: Եթե մենք դա վստահությամբ ասում ենք, նշանակում է՝ ունենք որոշակի վստահություն, որ մեր բնակչությունը կտեսնի ու կասի՝ նորմալ կոմպրոմիս է և փոխադարձ ընդունելի կարող է լինել: Սա է տրամաբանությունը»,-նշեց վարչապետը:

Նա նկատեց՝ Ադրբեջանն ասում է՝ քանի որ Հայաստանը լուծումներ չի տալիս,  որոշում են կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց։ «Դա նշանակում է, որ Իրանի երթուղին, պայմաններն իրենց համար ընդունելի են: Որպեսզի այս համատեքստում ամեն ինչ պարզ լինի, մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմանները, որով Ադրբեջանն անցնում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու դեպքում։ Այսպիսով մենք ցույց ենք տալիս, որ այն ընկալումը, թե մեր առաջարկած պայմաններն Ադրբեջանի համար կարող են ընդունելի չլինել, իրականությանը չի համապատասխանում: Եթե այդ նույն պայմանն ընդունելի է Իրանի տարածքով անցնելու համար, ինչու՞ պետք է ընդունելի չլինի Հայաստանի տարածքով անցնելու համար»,-ասաց վարչապետը։

  • Կիսվել: