Իրանը հայտնել է, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչը չի կատարել իր խոստումները
Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցությունները վերսկսելու համար Վաշինգտոնը պարզապես պետք է պահանջի, որ Իսրայելը դադարեցնի Իրանին հասցվող ավիահարվածները, NBC News-ի հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Ես կարծում եմ, որ եթե ամերիկացիները լուրջ են վերաբերվում դիվանագիտությանը վերադառնալուն, ապա Վաշինգտոնից Թել Ավիվ մեկ հեռախոսազանգը բավարար է ամեն ինչ կանգնեցնելու համար։ Նրանք կարող են շատ արագ կանգնեցնել այս գործընթացը, եւ այդ ժամանակ մենք կրկին կքննարկենք դիվանագիտությունը»,- ասել է նա։
Արաղչին հայտնել է, որ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից, ինչպես պահանջել է Թրամփը, եւ ասել է, որ դա հասկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին։
«Ես նրան մի քանի անգամ ասել եմ, որ զրոյական հարստացումն անհնար է։ Այժմ մեր միջեւ անվստահություն կա, քանի որ նա չի կատարել իր խոստումները»,- ասել է նա։
Սակայն նա եւ Ուիթքոֆը շարունակում են շփվել, ասել է Իրանի ԱԳ ղեկավարը։
Արաղչին ավելացրել է, որ «դա չի նշանակում բանակցություններ։ Նրանք մեզ խնդրել են բանակցություններ վարել, բայց մենք բանակցություններ վարում ենք միայն այն ժամանակ, երբ դրանք բանացկություններ են, այլ ոչ թե թելադրանք»։