Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. «Շիրակ» ՖԱ
«Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված»,- այս մասին նշված է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայտարարության մեջ։
«Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել:
Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս ունենք, որ սայլը տեղից կշարժվի, ֆեդերացիան տեր կկանգնի իր ենթակառուցվածքներին, կլուծի առկա խնդիրները, առանց նախապայմանների ու անվճար հիմունքներով ֆուտբոլը կրկին հասանելի կդարձնի շիրակցի երեխաների համար»,- նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբից հայտնել էին՝ Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ է հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: