շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Մայր Աթոռի վրա հարձակումը հարիր է միայն չարի իշխանությանը. Բագրատ Սրբազանի նամակը ՔԿՀ-ից

Մայր Աթոռի վրա հարձակումը հարիր է միայն չարի իշխանությանը. Բագրատ Սրբազանի նամակը ՔԿՀ-ից

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Փառք Քեզ, Աստված, փառք Քեզ ,

ամեն բանի համար փառք Քեզ»։

Դժվար, տառապալից, ամոթալի, խայտառակությամբ լեցուն, բայց հետաքրքիր զարգացումներով օրեր և ժամանակներ ենք ապրում՝ երկունքի օրեր, երբ ի վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը։

Ես, գտնվելով տեղեկատվական ամբողջական շրջափակման պայմաններում, կցկտուր տեղեկություններ եմ ստանում, թե ինչ է տեղի ունենում թե՛ ընդհանուր դաշտում և թե՛ «Սրբազան Պայքարի» համակիրների նկատմամբ՝ հալածանք և ահաբեկչություն։ Ցավում եմ միայն, որ այս հալածանքին և ահաբեկչության են ենթարկվում մեր նահատակ հերոսների ծնողները՝ հատկապես այժմ անազատության մեջ գտնվող Արա Ռոստոմյանը։ Սա անարգանք է՝ անպատվություն։ Հուսամ երբևէ կկարողանանք դուրս գալ այս ծանր անեծքի տակից։

Չեմ ուզում երկարել, պարզապես ասեմ, որ այս ճանապարհը իմ գիտակցված որոշումն է՝ Հայրենիքի ազատագրության համար չխնայել ոչինչ և «Քավ լիցի ինձ պարծենալ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար՝ ես էլ աշխարհի համար» (Գաղ. Զ:14)

Այո՛, հստակ է ովքեր դուրս են եկել ճշմարտության համար պայքարի՝ ընդդեմ ստի և կեղծիքի, նրանք հանգիստ ու դադար չեն ունենալու ո՛չ հոգեպես և ո՛չ էլ ֆիզիկապես և «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. Ե։6)

Իմ գիտակցված որոշումն է պատրաստ լինել անարգանք, սուտ, զրպարտություն, լուտանք, կալանք, զրկանք կրել, բայց չապրել անպատիվ, անհայրենիք, ինքդ քեզ հետ անհաշտ, կքած վախից ու սարսափից, ինքդ քեզ ու քո ինքնությունը ուրացած։

Փառք Տիրջը այս բոլոր հալածանքների համար։ Քանի դեռ այսպես է մեր կյանքը, մեր բնակավայրը լինելու է կալանավայր՝ քանի դեռ ազատագրված չէ մեր Պետությունը, չի կարող ազատ լինել իմ կյանքը։

Ես հանձն եմ առել այս ճանապարհը՝ կրելով ողջ պատասխանատվությունը։ Միայն խնդրում եմ ձեզ չերկնչեք թշնամուց, որը զավթել է Հայոց Պետությունը և «ոչ ոք չմոլորեցնի ձեզ պատիր խոսքերով, որովհետև թեպետ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ» (Կղ. Բ։5)

Միայն ասեմ, այն ինչ ներկայացվել է մամուլում և այն էլ ի՛նչ մամուլ, ամբողջությամբ սուտ է և կեղծիք՝ հարմարեցված իրենց նպատակին։

Մնացյալը ապագայում։

Երբ այս տողերը գրում էի, լուր ստացա, որ չարիքը հարձակվել է Մայր Աթոռի վրա և ցանկացել ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Զորակցությունս Սրբազան եղբորս՝ անխոնջ ու նվիրյալ, ազնվական հոգևորականին։ Մայր Աթոռի վրա հարձակումը հարիր է միայն մարդասպան և հոգեսպան ռեժիմին՝ չարի իշխանությանը։ Սա այլևս ամեն ինչի վերջն է և հատկապես չարի վերջը։

Հաղթանակը այլընտրանք չունի…

27.06.25.

Հ. Գ. Դարձյալ դիմում եմ իրավապահներին՝

Տղերք, ձեր այսօրվա Վեհարանը գրոհելը նման է եղել հրոսակների ներխուժմանը, որոնք այնուամենայնիվ Վեհարանի վրա չեն արշավել։ Դիմում եմ ձեզ՝ անեծքի տակ մի՛ մտեք, չարիքին մի ծառայեք, ձեր զավակները հարց են տալու և չկարողանաք արդարանալ։ Միշտ ասել եմ՝ այս չարիքը ձեզ հանցակից, մեղսակից և արյունապարտ է դարձնում։

Մի՛ մտեք և վերցրեք Աստծո անեծքը»:

  • Կիսվել: