Մարուքյանն ինձ ասել է՝ ճնշում կա իր վրա, ստիպված է դատարանում վիճարկել Վանաձորի ընտրությունների արդյունքները. Ասլանյան
Վանաձորի ավագանու նիստերի վրա կալանք դնելը շատ վատ, խայտառակ նախադեպ է ստեղծվել ընտրական պրոցեսի իրացման առումով. Այսինքն, ցանկացած ընտրական պրոցեսից հետո կարող են գտնել քաղաքական վաճառականներ, որոնք կարող են դիմել ընտրությունների արդյունքներն առանց հիմքի վիճարկելու համար՝ մերժված լինելով հանդերձ: Այս մասին այսօր ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանին ի նկատի՞ ունի, Ասլանյանը պատասխանեց՝ իրենից թաքուն չի դիմել Մարուքյանը. ««Ինքն ինձ ասել է, որ ճնշում կա իր վրա, ստիպված է լինելու դիմել։ Ինքն էնքան կալիբր չունի, որ իր դատարան դիմելու արդյունքում ես ՔԿՀ-ում լինեի, բայց իր դիմելու արդյունքում տուժել է Վանաձորի ընտրական ողջ տրամաբանությունը, անհիմն արգելանք է դրվել ավագանու նիստի վրա, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվում:
Նշենք, որ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Վանաձորը 5 տարի ղեկավարած Ասլանյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում։


