շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Խնդրահարույց է մեկ անձից կատարված գնումները, այդպիսի գնումները ընդհանուրի մեջ չնչին տոկոս են կազմում. ՊՎԾ պետ

Խնդրահարույց է մեկ անձից կատարված գնումները, այդպիսի գնումները ընդհանուրի մեջ չնչին տոկոս են կազմում. ՊՎԾ պետ

Այս պահին իրականացնում ենք ուսումնասիրություններ եւ մշտադիտարկումներ շուրջ 50 պետական կառավարման հմակարգի մարմիններում, որոնցից 1/3-ը ուսումնասիրություններ են, որոնք իրականացվում են վարչապետի հանձարարությամբ,  մնացածը՝ մշտադիտարկումներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս պահին իրականացնում ենք մշտադիտարկում 20 խոշորագույն պետական ընկերություններում, որտեղ պետությունն ունի 50 եւ ավելի բաժնեմաս: Մենք այդ ընկերություններում նախորդ տարվա ֆինանսական փաստաթղթերում ուղղումներ ենք նկատել եւ ծախսագրումների նվազեցման, եկամուտների աճի ֆոնին խնդիր է առաջացել: Պետության շահաբաժինների 50 տոկոսը, որ պետք է փոխանցվի պետական բյուջե, այդտեղ անճշտություններ ենք հայտնաբերել, որոնց ընդհանուր գումարը մոտ 800 մլն դրամ է: Մոտ 427 մլն ծախսերի նվազեցումներ էին արվել, եւ 460 մլն դրամի լրացուցիչ շահաբաժին էր գոյացել, որը պետք է վերականգնվի բյուջե: 40 մլն դրամն արդեն վերականգնված է»,- ասաց  Ռոմանոս Պետրոսյանը:

Խոսելով պետական գնումների գործընթացի մասին, նա նշեց, որ երբ հստակ նշված չեն լինում գնվող ապրանքի տեխնիկական պարամետրերը, դա մեծ սողանցք է թողնում անբերախիղճ մատակարարների համար, որոնք գնային մեծ սեգմենտի մեջ գերշահույթ ստանալով  մատակարարում են նվազագույն որակ ունեցող սարքեր կամ պիտույքներ:

Ինչ վերաբերում է մեկ անձից գնումներին, Ռոմանոս Պետրոսյանը դա խնդրահարույց համարեց, բայց չհամաձայնեց, որ գործող իշխանության գրեթե բոլոր գնումները մեկ անձից են կատարվում. «Եռամսյակային կտրվածքով պետական կառավարման համակարգում իրականացվում է շուրջ 2800-3000 հանրային գնում: Մեկ անձից  գնումները այդ ծավալի մեջ չնչին տոկոս են կազմում: Մենք իրավասու ենք վերահսկելու հանրային գնումների ոլորտն ամբողջությամբ, եւ մեկ անձից գնումների մասով վերհանված խնդիր եթե ունենում ենք, մենք բնականաբար, առաջարկներ ենք ներկայացնում տվյլ մարմիններում՝ լավարկելու գնման գործընթացը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կան տեղեկություններ, որ «ատկատների» պրակտիկան բոլորովին էլ չի նվազել, պարզապես նոր մեթոդներով են գործում, ՊՎԾ պետն ասաց. «Ատկատ» երեւույթն ինքնին քրեաիրավական գնահատականի ենթակա երեւույթ է: Բնականաբար, այդ համակարգային լայնածավալ ատկատների դարաշրջանը վաղուց անցած է մեր երկրում: Իսկ եթե կան նմանատիպ երեւույթներ, ձեր խոսքով, նոր մեթոդներով, որոնք կիրառվում են պետական գնումներում, ես կխնդրեմ կամ մեզ փաստեր ներկայացնել, կամ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնել»:

  • Կիսվել: