Նախարար Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով։
Նախարարը եղել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, այգեգործների հետ քննարկել նրանց հուզող խնդիրները։
Գևորգ Պապոյանին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։
«Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի խնդիրներից խուսափելու համար։ Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ պետությունը ձեզ մենակ չի թողնի, և Կառավարությունն արդեն իսկ մշակել է ծրագրեր հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար»,- նշել է նախարարը։
Գևորգ Պապոյանը համայնքների բնակիչներին տեղեկացրել է, որ կրած վնասի վերաբերյալ տեղեկատվությունը կհավաքվի, և արդյունքների ամփոփումից հետո կքննարկվի աջակցության հետագա ձևաչափը:
Զրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրին, կարկտապաշտպան ցանցերի համար տրվող աջակցությանը, որը հասնում է 50-75 տոկոսի։
Այցի ընթացքում նախարարը պատասխանել է բնակիչների հարցերին, տվել պարզաբանումներ բարձրացված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։