ՀՀ տարածքը 29 743 քկմ է, դա չի էլ քննարկվում. Փաշինյանի նորանշանակ խորհրդական
Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, ով նախօրեին նշանակվել է վարչապետի խորհրդական, հերքում է, թե ինքն աշխատանքից ազատվել է դպրոցների մարզադահլիճներում արձանագրված թերացումների պատճառով։
«Դուք որևիցե մեկից լսե՞լ եք, որ ես դրա համար եմ ազատվել։ Ես եմ դիմում գրել, ազատվել։ Դա զուգադիպություն է եղել»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, թե անձնական պատճառներ է ունեցել, այդ պատճառով էլ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Հարցին, եթե մարզպետի պաշտոնից ազատվել եք, ուրեմն լավ մարզպետ չէի՞ք, նա ասաց․ «Ես չասացի՝ լավ մարզպետ եմ, կամ վատ, ես ասացի, որ ես իմ անձնական պատճառներն եմ ունեցել, դիմում եմ գրել ազատման։ Հիմա վարչապետն առաջարկել է ինձ խորհրդականի, ինչի համար շնորհակալ եմ պաշտոնում, և ես համաձայնել եմ»։
Իսկ թե որ ոլորտում է խորհուրդ տալու Փաշինյանին, նա ասաց, որ երբ վարչապետի հետ կքննարկեն, թե ինչ ոլորտ է համակարգելու հենց այդ ոլորտի շրջանակներում էլ կաշխատի։ Նա նշեց, որ զինվորական է և աշխատել է նաև որպես մարզպետ։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Փաշինյանին խորհուրդ տաք, որ մեր կորցրած տարածքները՝ Արցախից սկսած մինչև Ջերմուկ, հետ բերի, Խաչատրյանն ասաց․ «Մեր ՀՀ տարածքը 29 743 քմ է և դա չի էլ քննարկվում։ Իսկ այն տարածքները, որ հիմա Ադրբեջանի տիրապետության տակ է, պետք է վերադարձվեն, վարչապետը բազմիցս ասել է դրա մասին։ Դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն»։
Նա ընդգծեց, որ հիմա մեր օրակարգում խաղաղության պայմանագրի կնքումն է և չպետք է շեղվել խաղաղության պայմանագրից։ Նա վստահություն հայտնեց, որ Ադրբեջանն էլ կարձագանքի խաղաղության պայմանագրի կնքմանը։


