ՀՀ բանակը պետք է ծառայի բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին. ՔՊ նախընտրական ծրագիր
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը շարունակելու են ՀՀ բանակի բարեփոխումները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգի։ Այս մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում:
Մասնավորապես նշվում է, որ բանակն արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիքն է՝ այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման վերը թվարկված և դրան կիրառելուն ուղղված դիվանագիտական միջոցները չեն գործել։ Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվի (բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավվելը) և պետք է ծառայի բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին։
«Վերջին տարիներին ՀՀ բանակի պաշտպանունակությունը զարգացնելու ուղղությամբ ահռելի ջանքեր և միջոցներ են ձեռնարկվել։ Ձեռք է բերվել ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ ներառյալ հայրենական արտադրության: ՀՀ ռազմարդյունաբերական համալիրն ահռելի զարգացում է ապրել, իրականացվել են հսկայածավալ և նորարար ամրաշինական աշխատանքներ, ստեղծվել են տասնյակ ամրացված շրջաններ։ Զինծառայության գրավչությունը մեծացնելու համար ՀՀ պայմանագրային զինծառայողների վարձատրության և արհեստավարժության ապահովման, ժամկետային զինծառայության ժամկետների ու կառուցվածքի ոլորտում ահռելի (հանրությանը հայտնի) բարեփոխումներ են իրականացվել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը շարունակելու են ՀՀ բանակի բարեփոխումները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգի։ Աստիճանական կերպով կներդրվի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը (ՀՊԱՀ)»,-նշված է ՔՊ ծրագրում:


