Հայաստանին առնչվող հարցերում հայ օլիգարխն աջակցել է Օկամպոյին. Ալիև
Բաքվի և Եվրոպական հանձնաժողովի հարաբերությունները սկսել են բարելավվել եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնից Ժոզեպ Բորելի հեռանալուց հետո։ Այս մասին, Շուշիում ընթացող «Մեդիայի առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերածնունդ» խորագրով Շուշիի IV գլոբալ մեդիա ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Բորելի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի հարաբերությունները խորը ճգնաժամ էին ապրում։
«Այն ժամանակահատվածում, երբ եվրոպական դիվանագիտության ղեկին պարոն Բորելն էր, Եվրոպական հանձնաժողովի և Ադրբեջանի հարաբերությունները գրեթե լիակատար փլուզում ապրեցին»։
Ալիևը նաև հավելել է, որ, իր կարծիքով, Ադրբեջանի դեմ գործել է երկրի նկատմամբ տրամադրված անձանց մի որոշակի խումբ։
«Որոշ կոռումպացված անձինք, մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, օգտվում էին ֆինանսական որոշակի աղբյուրներից։ Հայ օլիգարխն աջակցում էր նրան Հայաստանին առնչվող հարցերում։ Այս ողջ հակաադրբեջանական խումբը գործում էր Եվրոպական հանձնաժողովում։ Հուսով ենք, որ Բորելը վերջնականապես հեռացել է քաղաքականությունից։ Դրանից հետո մեր հարաբերությունները սկսեցին բարելավվել»։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են համագործակցության զարգացմամբ և հարաբերությունների վերագործարկմամբ։
«Մենք աջակցել ենք դրան։ Այս տարվա մի քանի ամիսների ընթացքում Բրյուսելից մի շարք այցեր են եղել այստեղ։ Մարտին ժամանեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, այնուհետև՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ տիկին Կայա Կալասը, իսկ հուլիսին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրանց հրապարակային հայտարարություններից և իմ ելույթներից կարող եք տեսնել, որ երկու կողմերն էլ գոհ են համագործակցության մակարդակից։ Ինչ վերաբերում է գործընկերության ոլորտներին, ապա դրանք կարևոր են։ Խոսքը միայն մեր երկկողմ հարաբերությունների մասին չէ»։



