Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով պետք է աշխատեն Ադրբեջանի կողմից Վրաստանում հակահայ տրամադրություններ սերմանելու հետևողական ջանքերը չեզոքացնելու համար. Փորձագետ
Հոկտեմբերի 24-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ուղեկցությամբ ներկա գտնվեց Մցխեթայի Մուխրանի դղյակում իր պատվին բացված ցուցահանդեսին, որը Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջը անվանեց «Ղարաբաղի խանության ժառանգության ցուցահանդես»։
Տարածված հայտարարության մեջ նշվում էր. «Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներն ընտրվել են «Ղարաբաղի խանություն. պատմամշակութային ինքնություն» աշխատությունից: Դրանց թվում են Ղարաբաղի խանությանը պատկանող դրոշի առաջին հայտնի պատկերը, Ղարաբաղի խանության օրոք պահպանված Շահ Իսմայիլի վահանը, հնագույն գորգերը, Սարդար մզկիթի և նրա ճակատի դեկորատիվ սալիկները, ինչպես նաև 19-րդ դարի Շուշիի պատկերները եւ այլն..»:
Թեմայի շուրջ InfoPort.am-ը զրուցել է Սամցխե-Ջավախի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ:
Պ-ն Այվազյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանում այսպիսի ոչ միանշանակ խորագրով ցուցահանդեսի բացումը և այդ միջոցառմանը Վրաստանի ղեկավարության ներկայությունը:
-Պետք է նշեմ, որ Ադրբեջանական և Վրացական պաշտոնական կայքերի մեկնաբանությունները այս փաստի վերաբերյալ խիստ տարբեր են: Եթե Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը այս ցուցահանդեսը շտապեց անվանել «Ղարաբաղի խանության ժառանգության ցուցահանդես», ապա ավելի ուշ Վրաստանի կառավարության ֆբ էջում տարածված հաղորդագրությունը այլ ձևակերպումներ էր պարունակում: Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշված է. «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցի ոչ պաշտոնական մասը տեղի է ունեցել Մցխեթայում՝ «Չատտո Մուխրանում»։ Հյուրերը մասնակցել են վրացական ավանդական ուտեստների պատրաստման գործընթացին։ Պատվիրակության պատվին հնչել են վրացական ավանդական պարեր։ Իրակլի Ղարիբաշվիլին և Իլհամ Ալիևը դիտել են Վրաստանի ազգային թանգարանի հավաքածուում պահպանվող ադրբեջանական մշակութային ժառանգության լուսանկարները, որոնք պատկերում են տարբեր սոցիալական շերտերի ադրբեջանցիների գոյությունն ու վարպետությունը։ Նշված հավաքածուն առնչվում է 1852 թվականին Վրաստանում՝ Թբիլիսիում հիմնադրված Կովկասի թանգարանին։ Հավաքածուի հարստացումն ու ուսումնասիրությունն իրականացվել է բազմաթիվ գիտարշավների և նվիրատվությունների միջոցով։ Նշված հավաքածուն Վրաստանի ազգային թանգարանի թիմը ադրբեջանցի գործընկերների հետ միասին ներկայացրել է Բաքվի Հեյդար Ալիևի Կենտրոն»։
Փաստացի այդ կենտորնն էլ ֆինանսավորել է այդ ամենը։
Ինչպես տեսնում ենք նույն ցուցահանդեսը տարբեր կերպ է ներկայացվել Ադրբեջանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի կողմից, սակայն փաստը մնում է փաստ, որ այնտեղ, ամենայն հավանականությամբ, ներկայացված է եղել նաեւ Արցախի մշակույթը` խեղաթյուրված ձեւով։
Դա պարզ է դառնում թեկուզ այն փաստից, որ ցուցահանդեսի հովանավորը «Հեյդար Ալիեւի» հիմնադրամն է: Իմ գնահատմամբ ինքնին նման ցուցահադեսի կազմակերպումը Վրաստանում ու դրան Վրաստանի վարչապետի մասնակցությունը շատ մտահոգիչ փաստ է։ Վրաստանը այն էլ վարչապետի մակարդակով չպետք է մասնակցի նման «բեմադրությունների»։ Այդ ցուցահանդեսի բուն նպատակը Արցախի «Ադրբեջանին պատմական պատկանելիությունն ապացուցելն էր»:
Համոզված եմ, Հայաստանում նման բան չէր կարող տեղի ունենալ Վրաստանի նկատմամբ: ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները շատ կոռեկտ են աբխազական ու օսկաան հակամարտությունների վերաբերյալ իրենց գնահատականներում և քայլերում, որպեսզի չվնասեն հայ-վրացական հարաբերություններին:
Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Վրաստանի տարածքով դեպի Ադրբեջան զենքի փոխադրության մասին լուրերը, վրաց-թուրքա-ադրբեջանական միասնական զորավարժությունները ու հիմա էլ այս ցուցահանդեսը ստվեր են գցում հայ-վրացական հարաբերությունների վրա։
Չնայած նրան, որ Վրաստանի հայ համայնքը ու հիմա էլ ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են հայ-վրացական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Սակայն նման փաստերը մեծ հարված են հասցնում այդ ջանքերին:
Պ-ն Այվազյան, ըստ Ձեզ, ի՞ նչ պետք է անել հետագայում նման միջադեպերից խուսափելու, հայ-վրացական հարաբերություններում փոխադարձ վստահությունը ավելի ամրապնդելու համար:
-Նախ, պետք է ասեմ, որ շատ մեծ աշխատանք պետք է տարվի ՀՀ-ի կողմից պետական մակարդակով: Աշխատանքը պետք է տարվի բոլոր մակարդակներով` թե իշխանության, թե հասարակական տարբեր շերտերի հետ:
Ադրբեջանը իր հատուկ ծառայությունների միջոցով արդեն 30 տարի աշխատում է Վրաստանում հակահայ տրամադրություններ սերմանելու ուղղությամբ և պետք է ասեմ, որ բավականին հաջողել է: Այս առումով հայկական կողմը 30 տարի գրեթե ոչինչ չի արել Ադրբեջանի նման ջանքերի դեմը առնելու համար: Այդ իսկ պատճառով ունենք այն ինչ ունենք:
Ճիշտ է հայկական համայնքը մեծ ջանքեր է գործադրում տրամադրությունները կոտրելու համար, բայց նրա ջանքերը միայնակ բավարար չեն: Հայաստանի կողմից պետական մակարդակով աջակցություն պետք է լինի: