Վրաստանի հատուկ նշանակության ուժերի ղեկավարը հրաժարական է տվել
Վրաստանի Հատուկ նշանակության ուժերի ղեկավար Զվիադ Խարազիշվիլին, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես «Խարեբա», լքել է իր պաշտոնը, նրա փոխարեն նշանակվել է Ռոման Կարցիվաձեն, հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Новости-Грузия-ն:
Նշվում է, որ հրաժարականը Խարազիշվիլիի «անձնական որոշում» է եղել։
Հաղորդվում է նաև, որ իշխող կուսակցությունն ավելի վաղ հերքել էր ընդդիմադիր լրատվամիջոցների հաղորդագրությունները, ըստ որոնց՝ Խարազիշվիլին, որը ցուցարարների դեմ իր դաժան գործողությունների համար Արևմուտքի պատժամիջոցների տակ է, հրաժարական է տալիս։
Նշենք, որ ավելի վաղ՝ մայիսի 28-ին, փոխվել էր ներքին գործերի նախարարը։ Վախթանգ Գոմելաուրիի փոխարեն Ներքին գործերի նախարար է նշանակվել Գելա Գելաձեն։