Իրանը պատասխան է տալիս. սկսվել է հրթիռային հարձակումն Իսրայելի վրա
Իրանի ԶՈՒ-ն սկսել է Իսրայելի դեմ գործողություններ իրականացնել՝ ի պատասխան իրանական տարածքի հարվածներին։ Իսրայելի դեմ Իրանի պատասխան գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում» անվանումը;
Հաղորդվում է, որ պայթյուններ են որոտացել Թել Ավիվի վրա, ինչպես նաև Երուսաղեմում։ Իսրայելի շտապ բուժօգնության ծառայությունը հայտնել է Թել Ավիվի շրջանում հինգ տուժածների մասին։
Իրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին։
Իրանի ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել նաև Իսրայելի տարածքում տասնյակ թիրախների, ռազմական և ավիաբազաների ուղղությամբ։
Իր հերթին Իսրայելի բանակը հայտնել է Իրանից ևս մեկ «հրթիռային համազարկի» մասին։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի տարածքում ընկել է մոտ 5-7 իրանական հրթիռ։
Իրանի ՀՕՊ միջոցները որսում են Իսրայելի կողմից Թեհրանի դեմ ուղղված հրթիռները, տեղեկացնում է Press TV-ն։
Ինչպես հաղորդվում է՝ Իրանի կենտրոնական հատվածում՝ Սպահան քաղաքում, լսվել է հզոր պայթյունի ձայն․ այնտեղ նույնպես տեղակայված է իրանական միջուկային ծրագրի օբյեկտ։ Իրանի ՀՕՊ համակարգերը կարողացել են ոչնչացնել իսրայելական մի քանի կործանիչ ու անօդաչու։
Իսրայելի բանակը հաստատել է, որ հարձակում է գործել Իրանի Սպահանի շրջանում գտնվող օբյեկտի վրա, նաև հայտարարել, որ արձանագրել է Իրանի տարածքից հրթիռների արձակումը, ՀՕՊ միջոցները գործի են դրվել՝ դրանք որսալու համար։