Իրանն Իսրայելի դեմ իրականացնում է «Խիստ պատիժ» անվանումով ռազմական օպերացիա
Իրանի զինված ուժերը «Խիստ պատիժ» անվանումով ռազմական օպերացիա են սկսել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Իրանի տարածքին հասցված հարվածների: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Թել Ավիվում հարձակման է ենթարկվել Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբը։ Հրթիռային հարձակումից հետո ամբողջ քաղաքը ծխի մեջ է:
Մոտ 5-7 իրանական հրթիռ է ընկել Իսրայելի տարածքում, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 150 հրթիռ։ Իրանական հրթիռները հարձակվել են Կիրիայում Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարական կետի վրա, որտեղ գտնվում էր Իսրայելի ողջ ռազմական և քաղաքական ղեկավարությունը։ Որոշ տվյալների համաձայն՝ արձակված 150 հրթիռներից մոտ 10-ը հասել են իրենց թիրախներին։
ԻՌՆԱ-ն հայտնում է, որ «կոշտ պատասխանը» սկսվել է, և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարություն կտարածի առաջիկա րոպեներին։
Բացի դրանից՝ իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է իսրայելական երկու կործանիչ. գերի է ընկել ինքնաթիռներից մեկի կին օդաչուն։
Միևնույն ժամանակ, Fars գործակալությունը նշում է, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իսրայելական մի քանի ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ երկու F-35 կործանիչներ։
Սակայն իսրայելական բանակը հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե իսրայելական կործանիչը խոցվել է Իրանի տարածքում, իսկ օդաչուին, իբր, գերի են վերցրել։
«Իսրայելական բանակը հերքում է Իրանի տարածքում կործանիչի խոցման և իսրայելցի օդաչուների գերեվարման մասին տեղեկությունները», - ասել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը։