Գյոռմամիշն ո՞վ է, որ ՀԷՑ-ի նման ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքը տարել 100 տոկոսանոց գրավադրել է. Չախոյանը՝ ընդդիմությանը
ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից արձագանքել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած «չտես գյոռմամիշներ» որակմանը։
Նա հարցրել է, թե ով է իրականում «գյոռմամիշը»։ Չախոյանի խոսքով՝ «գյոռմամիշությունը» դրսևորվել է ՀԷՑ-ի միջոցով զորամասերի և մանկապարտեզների վրա հավելագրումներ անելու մեջ։
«Գյոռմամիշն ո՞վ է, որ ՀԷՑ-ի նման ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքը տարել 100 տոկոսանոց գրավադրել է»,- հայտարարել է պատգամավորը՝ պնդելով, որ այն օգտագործվել է «Տաշիր Գրուպի» այլ բիզնեսները պահելու համար։
Անդրադառնալով երկրորդ նախագահի ընտանիքին՝ Չախոյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը 400,000 դրամ աշխատավարձով դարձել է դոլարային միլիոնատեր։ Նա հաշվարկ է ներկայացրել, ըստ որի՝ 200 միլիոն դոլար աշխատելու համար նախկին նախագահից կպահանջվեր 1666 տարի։ Եզրափակելով ելույթը՝ Տարոն Չախոյանը հայտարարել է, որ միայն ընդդիմադիր ուժերն են խլել Հայաստանից և ժողովրդից։ «Ձեր գյոռմամիշության արդյունքում խլածը հետ է վերադարձվում պետությանն ու ժողովրդին»,- նշել է նա՝ արժանանալով ընդդիմության բուռն դիմադրությանը։ Երբ Չախոյանը անդրադարձել է Գարեգին Բ-ին և նրան անվանել է Կտրիճ Ներսիսյան, դա բուռն արձագանք է առաջացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության շարքերում։



