ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Ո՞ր խոստումն եք կատարել, որ Սամվել Կարապետյանը վարչապե՞տ է լինելու, թե՞ որ ԱԺ-ում բարեկիրթ եք լինելու. Չախոյանը՝ ընդդիմությանը

Ո՞ր խոստումն եք կատարել, որ Սամվել Կարապետյանը վարչապե՞տ է լինելու, թե՞ որ ԱԺ-ում բարեկիրթ եք լինելու. Չախոյանը՝ ընդդիմությանը

Ազգային ժողովն այս պահին քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը:

Ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, որը նկատեց՝ իր ականջը ծակել է դահլիճի ընդդիմադիր հատվածից հնչած մի հայտարարություն, թե իրենք կատարել են իրենց խոստումը:

Նա, դիմելով ընդդիմությանը, մասնավորապես, նշեց. «Էդ ո՞ր խոստումն եք կատարել: Է՞ն, որ 3-4 ամիս, մատի փաթաթան սարքած, բոլորին հավատացնում էիք, թե ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է: Էդ խոստո՞ւմն եք կատարել, թե՞ այս բարեկրթության սահմաններում աշխատանքները կազմակերպելու մասին ձեռք բերված խոստումը:

Մի սրիկայի ուղարկում եք էստեղ, գալիս մի ամբողջ խմբակցության վիրավորում է, հետո տանում փափուկ տեղավորում եք ձեր աշխատասենյակում, ընդունում եք, որ սխալ է արել, բայց չեք բարեհաճում, որ գաք ու էստեղից ներողություն խնդրեք:

Էդ ո՞ր խոստումն եք կատարել, ասեք հասկանանք: Ձեզ ի՞նչ է թվում, ժողովուրդ, որ էդ անձին տարել նստացրել եք անկյունում՝ մեր աչքից հեռու, դա նշանակում է՝ վե՞րջ, անցավ գնա՞ց, վերջացա՞վ էս ամեն ինչը»:

Չախոյանի ելույթի ժամանակ դահլիճից հնչեցին արձագանքներ, որոնց միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հորդորելով Չախոյանին ձեռքով չխոսել, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին՝ տեղից չընդհատել:

ՔՊ-ական պատգամավորը, դիմելով ընդդիմությանը, նկատեց՝ նրանք հատել են կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն էլ են այրել:

«Հետդարձի կամուրջներն արդեն այրել եք, որովհետև ձեր ձեռքերը փռել եք մի սրիկայի վրա, որը կամենում է հայ զինվորի մահը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասել էր. «...Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (քեռու՝ պատերազմի ժամանակ զոհված թոռը - խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, կոռեկտ լինելու կոչ էր արել նրան և նախազգուշացում հայտարարել. «Հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից»:

Միջադեպից հետո ԱԺ դահլիճում մթնոլորտը լարվել էր, նիստը վարողը հայտարարել էր 20 րոպե ընդմիջում: ԱԺ դահլիճից դուրս իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև վիճաբանություն էր սկսվել:

  • Կիսվել: