երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Եթե չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ ԱԳՆ–ն աջ ու ձախ զանգեր աներ. Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովային

Եթե չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ ԱԳՆ–ն աջ ու ձախ զանգեր աներ. Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովային

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնում է, որ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական ագրեսիան կասեցնելու հարցում ՌԴ-ն ինչ-որ ձևաչափով մասնակցել է, սակայն խնդիրը լուծվել է առաջին հերթին Հայաստանի Զինված ուժերի գործողությունների արդյունքում:

 Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար, մասնակցություն է ունեցել դադարեցնելու գործում:

«Կասկածի տակ չեմ դնում Մարիա Զախարովայի ասածները, որ ՌԴ-ն ինչ-որ ձևաչափով մասնակցել է, բայց, այնուամենայնիվ, կռվել է ՀՀ ԶՈՒ-ն: Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է թող ՌԴ արտաքին գերատեսչությունն աջ ու ձախ զանգեր աներ, դա խնդրի լուծման չէր տանելու: Խնդիրը լուծվել է առաջին հերթին մեր ԶՈՒ-ի և մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»,-ասաց պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանն էլ, անդրադառնալով Զախարովայի հայտարարությանը, որ Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ, ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով և ամեն ինչ անում է իր ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, ու այդպես էլ շարունակվելու է:

«Հայաստանը իր ռազմավարական գործընկերոջ հետ շարունակում է ջերմ, բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների մեր գործընկերների հետ և ամեն ինչ անում է՝ ի նպաստ ՀՀ ԶՈՒ զարգացման և մարտունակության բարձրացման»,-ասաց խմբակցության քարտուղարը:

  • Կիսվել: