TRIPP-ի իրագործումը կպահանջի բանակցություններ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ. Կոստանյան
Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ վարի TRIPP նախագծի իրագործման տեխնիկական և տնտեսական հարցերի շուրջ, քանի որ տրանսպորտային երթուղիներն անցնելու են հարևան երկրի տարածքով։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը:
Նա նշել է, որ նախագծի իրագործման ընթացքում անհրաժեշտ է որոշել երկաթուղային հաղորդակցության պարամետրերը, այդ թվում՝ երկաթգծի անվամիջի լայնությունը և բեռնափոխադրումների ակնկալվող ծավալները։ Բացի դրանից, Միջին միջանցքի շրջանակում երթուղու արդյունավետ աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ կլինի համաձայնեցնել մաքսային ստուգումներն արագացնելու հնարավորություն տվող տեխնիկական լուծումները։
«Եթե խոսում ենք երկաթուղու մասին, այն պետք է ինչ-որ տեղից մտնի Հայաստան։ Այն մտնում է Ադրբեջանի կողմից, իսկ մյուս կողմից պետք է դուրս գա Նախիջևանի ուղղությամբ։ Այստեղ անհրաժեշտ է քննարկել ամենահիմնական տեխնիկական և տնտեսական պարամետրերը»,- պարզաբանել է փոխնախարարը։
Նա հավելել է, որ տրանսպորտային երթուղու արդյունավետ աշխատանքի համար Հայաստանին անհրաժեշտ է համագործակցել ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի երկրների և Եվրամիության գործընկերների հետ։
«Հաշվի առնելով, որ այս ենթակառուցվածքները Հայաստան են մտնելու մեր անմիջական հարևանի տարածքից և դուրս են գալու նրա տարածքով, մենք առաջին հերթին պետք է համագործակցենք հենց ադրբեջանական կողմի հետ»,- ընդգծել է պաշտոնյան։
Ըստ նրա՝ Բաքվի հետ ուղիղ շփումների քննադատությունը, որը նախկինում կարող էր հայ պաշտոնյաներին հետ պահել բանակցություններից, այսօր կորցրել է իր արդյունավետությունն ու հիմնավորվածությունը։



