ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ և հույս ունի, որ խաղաղությանն ուղղված քայլերը կշարունակվեն։

Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտատարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Էստոնիայի ԱԳ նախարարը, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշեց, որ այս հանդիպումը վերջինս վեց ամսվա ընթացքում արդեն երկրորդ պաշտոնական հանդիպում է, ինչը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև համագործակցությունը դարձել է ավելի խորը և պրակտիկ։ Նա նաև իր հիացմունքը հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի առաջնորդության նկատմամբ։

«Մենք բոլորս գիտենք, որ տարածաշրջանում իրավիճակը բարդ է, սակայն հայ ժողովուրդը և Դուք Եվրոպական միության ուղղությամբ որոշում եք կայացրել՝ հիմնված ժողովրդավարության համընդհանուր արժեքների վրա։ Ձեր տարածաշրջանում այդ արժեքները տրված չեն, և մենք Էստոնիայում գիտենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով այնպիսի արժեքներն, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, տրված չեն»,- իր խոսքում նշեց Էստոնիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համատեղ ուժերով տեր կանգնել այդ արժեքներին։

Նա հավելեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական համագործակցության հարցեր՝ շեշտելով, որ երկու երկրներն համագործակցություն ունեն կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեր անվտանգության ոլորտներում։

«Բացի այս, Էստոնիան արդեն քսան տարի հանդիսանում է Եվրոպական միության անդամ, մենք ձեր ձգտումների ամենաակտիվ պաշտպաններն ենք»,- ասաց Մարգուս Ցահքնան՝ ընդգծելով, որ Էստոնիան պատրաստ է օգնել Եվրոպական միության կողմից Հայաստանին աջակցելու նպատակով տարբեր նախագծերի և քայլերի իրականացմանը։

Էստոնիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Տալլինը խորապես հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ, և դրա մասին հարցերը ևս քննարկվել են ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում։

«Մենք, իսկապես, հուսով ենք, որ հարավկովկասյան տարածաշրջանը կմնա կայուն, և խաղաղությանն ուղղված հետագա և հաջորդ քայլերը կշարունակվեն»,- նշեց նա՝ եզրափակելով, որ հայ-էստոնական հարաբերությունները երբեք չեն եղել այսքան բարձր մակարդակում, որքան հիմա են։      

  • Կիսվել: