Ես չեմ ուզում վարչապետ լինել․ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղ, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ։ Ինչպես և մյուս բնակավայրերում, այստեղ ևս նրան դիմավորել են աղ ու հացով. գյուղացիները նախապես սպասում էին հանդիպմանը։
«Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ ենք, պարո՛ն Ծառուկյան… Ամեն ինչ լավ է։ Շնորհակալություն Ձեր բարի գործերի համար»,- ողջունել են բնակիչները։
Ծառուկյանն ընդգծել է այցի նպատակը. «Ես եկել եմ այսօր ձեզ լսելու, տեսնելու՝ ինչ խնդիրներ ունեք, ինչ հարցեր եք ուզում ինձ ուղղել»։
Առանցքայիններից էր գյուղատնտեսության ապագայի վերաբերյալ հարցը. «Ի՞նչ բարեփոխումներ եք առաջարկելու գյուղացուն։ Որո՞նք են լինելու առաջին երեք քայլերը»։
Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը մատնանշել է հիմնական ուղղությունները. «Նախևառաջ պետք է բացել գյուղատնտեսության նախարարությունը. այսօր գյուղացին մնացել է անտեր։ Երկրորդ՝ տալ 0%-անոց վարկեր, որպեսզի գարնանը հողը մշակեն, իսկ աշնանը բերքը հավաքեն ու վարկը փակեն։ Եվ անպայման բոլոր մարզերում սառնարաններ կառուցել, որպեսզի արտադրանքը չփչանա, այլ եկամուտ բերի»։
Նա նաև անդրադարձել է պարարտանյութերի գների բարձրացման խնդրին. «Գյուղացուն պետք է պարարտանյութ տալ իր հողակտորի չափով։ Գյուղացին սահմանի պահապանն է, բերք ու բարիք ստեղծողը»։
Բնակիչները բարձրացրել են նաև ամենաշատ քննարկվող հարցերից մեկը՝ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը։ «Ասում են՝ Թուրքիայի ճանապարհը բացենք։ Ես ասում եմ՝ այո՛, բացենք, բայց նախ պետք է մեր խնդիրները լուծենք։ Պետք է գյուղացուն հնարավորություն տալ մրցակցելու։ Եթե իրենց մոտ էժան է, իսկ մեզ մոտ՝ թանկ, մեր ունեցածը կքանդվի»,- նշել է Ծառուկյանը։
Նա ընդգծել է տնտեսությունը նախապատրաստելու անհրաժեշտությունը. «Պետք է դոտացիաներ տալ, հարկերը իջեցնել, պարարտանյութով ու սերմացուով ապահովել։ Պետք է նախօրոք՝ կես տարի, մի տարի առաջ ամեն ինչ հաշվարկել՝ ինչ ունեն իրենք, ինչ ունենք մենք, գները համեմատել։ Եթե բացենք ու տանուլ տանք, նշանակում է՝ ամեն ինչ կքանդվի»։
Գյուղի համար լուրջ խնդիր է մնում ոռոգման ջրի բացակայությունը. «Մեր միջով չորս գետ է անցնում, բայց ջուր չկա։ Եթե դա անտերություն է, ուրեմն պետք է ջրամբարներ կառուցել, ջուրը հավաքել ու օգտագործել»։
Բնակիչները խոսել են նաև ցածր բերքատվության մասին. «Մենք 50 տարի նույն տեսակի կարտոֆիլն ենք ցանում։ 50 տոննայի փոխարեն ստանում ենք 8–10 տոննա։ Պետք է նոր սերմացուներ բերել, որոնք համապատասխան են մեր կլիմային»։
Ծառուկյանը սա կապել է կառավարման խնդիրների հետ. «Ամենակարևորը ճիշտ մարդն է ճիշտ տեղում։ Այսօր շատ պաշտոններ զբաղեցնում են անփորձ մարդիկ, բայց պետք է գործից հասկացող մարդ»։
Առանձին թեմա է դարձել սոցիալական վիճակը. Սպիտակի երկրաշարժի հետևանքները մինչև օրս ամբողջությամբ վերացված չեն։ «Մարդիկ կան, որոնք դեռ տնակներում են ապրում»,- նշել են բնակիչները։
Ծառուկյանն առաջարկել է համակարգային մոտեցում. «Պետք է ոչ թե ուղղակի գումար տալ, այլ տներ կառուցել ու պայմաններով հանձնել մարդկանց, որպեսզի մարդն իր տունն ունենա»։
Բնակիչները դժգոհել են նաև կաթի մթերման ցածր գներից. «Մեկ լիտր ջուրը 300 դրամ է, իսկ կաթը՝ 160։ Գյուղացին ի՞նչ անի»։
Ըստ Ծառուկյանի, անհրաժեշտ է պաշտպանել տեղական արտադրողին. «Պետք է սահմանափակել չոր կաթի ներկրումը, այլապես մեր գյուղացին չի կարող գոյատևել»։
Հանդիպման ընթացքում նա շեշտել է. «Անլուծելի խնդիր չկա։ Պետք է ճիշտ կառավարում, որ արդյունք լինի, աճ լինի, և այդ միջոցներն ուղղվեն ժողովրդին»։
Անդրադարձ է կատարվել նաև քաղաքական թեմային՝ վարչապետի պաշտոնում հնարավոր առաջադրմանը։ Ծառուկյանը հայտարարել է. «Ես չեմ ուզում վարչապետ լինել, որ չասեն՝ գյուղերով ընկած ձայն է հավաքում։ Մեզ պետք է ապագայի վարչապետ, որը կկարողանա երկիրն այս վիճակից հանել։ Մենք կաջակցենք նման մարդուն»։
Վերջում նա դիմել է բնակիչներին. «Ես այս հող ու ջրից ծնված մարդ եմ և միշտ արել եմ այն, ինչ կարողացել եմ։ Կարևորը ոչ թե փողն է, այլ այն գործը, որը մնում է։ Ես միշտ ժողովրդի կողքին եմ»։
Բնակիչներն այսպես են եզրափակել հանդիպումը. «Ժողովուրդն է հարստությունը, բայց եթե ժողովուրդն աղքատ է, պետությունը չի կարող հարուստ լինել»։


