չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Վարկանիշը ոչինչ չի որոշում. Չեռնոգորիայի պաշտպանը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղերի մասին

Վարկանիշը ոչինչ չի որոշում. Չեռնոգորիայի պաշտպանը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղերի մասին

Ազգերի լիգայի նոր խաղարկության մեկնարկին ընդառաջ, որտեղ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում, մեր գլխավոր մրցակիցներից մեկի՝ Չեռնոգորիայի ճամբարում ակտիվ նախապատրաստական փուլ է: Չնայած թղթի վրա բալկանյան թիմը համարվում է խմբի ֆավորիտը, նրանք չեն շտապում թերագնահատել մեր ընտրանուն, գրում է armsport.am-ը:

Խմբում ընդգրկված թիմերից Չեռնոգորիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ունի ամենաբարձր վարկանիշը՝ զբաղեցնելով 80-րդ հորիզոնականը: Մեր հավաքականը 107-րդն է, իսկ Կիպրոսն ու Լատվիան զբաղեցնում են համապատասխանաբար 124-րդ և 137-րդ տեղերը: Այնուամենայնիվ, չեռնոգորացիները գիտակցում են, որ միայն վարկանիշով խաղեր չեն շահվում:

Բալկանյան թիմին խիտ և բարդ օրացույց է սպասվում. Կիպրոսի դեմ տնային մեկնարկային խաղից հետո նրանք կժամանեն Երևան՝ ուժերը չափելու Հայաստանի հավաքականի հետ, այնուհետև կհյուրընկալվեն Լատվիային, իսկ քառախաղ ծանր ցիկլը կեզրափակեն Պոդգորիցայում՝ կրկին մրցելով մեր ընտրանու դեմ:

Խոսելով այն մասին, թե արդյոք Չեռնոգորիան բացահայտ ֆավորիտ է Հայաստանի ու խմբի մյուս մրցակիցների նկատմամբ, Կազանի «Ռուբինի» և Չեռնոգորիայի հավաքականի առանցքային պաշտպան Իգոր Վույաչիչը նշել է, որ թվերը խաղադաշտում ոչինչ չեն որոշում.

«Դա ընդամենը վիճակագրություն և հաշվարկ է։ Խաղադաշտը միակ չափանիշն է։ Մենք պետք է լինենք առավելագույնս կենտրոնացած և ագրեսիվ, պայքարենք յուրաքանչյուր գնդակի համար։ Վազք և միայն վազք՝ սա է միակ ճանապարհը, որով կարող ենք արդյունքի հասնել»,- պաշտպանի խոսքն է մեջբերում Vijesti-ն։

Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականների միջև հանդիպումը սեպտեմբերի 28-ին է, 20։00-ին։

  • Կիսվել: