հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Դեսպանը Հունաստանի ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը տեսնում է ԵՄ գործիքակազմով

Դեսպանը Հունաստանի ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը տեսնում է ԵՄ գործիքակազմով

Հուլիսի 16-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կենտրոնական Մակեդոնիայի տարածաշրջանի կառավարիչ (մարզպետ) Ապոստոլոս Ձիձիկոստասի հետ։
 
Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը անդրադարձավ Հայաստանի և Հունաստանի ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հաստատմանը, մարզային դիվանագիտության հնարավորությունների օգտագործմանը, համատեղ տնտեսական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։
 
Դեսպանը նշեց, որ նման համագործակցությունը կարող է իրականանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ գործիքակազմերի կիրառմամբ՝ հաշվի առնելով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ներկայիս աննախադեպ բարձր մակարդակը։
 
Ապոստոլոս Ձիձիկոստասն իր հերթին ողջունեց միջմարզային դիվանագիտության զարգացման հեռանկարը և խոստացավ առաջիկայում այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ երկկողմ տնտեսական հարաբերությունները և միջմարզային համագործակցությունը խթանելուն ուղղված հնարավորությունների հետ։
 
Կենտրոնական Մակեդոնիայի տարածաշրջանի ղեկավարը նշեց, որ Հայաստանի հետ բազմաշերտ հարաբերությունների զարգացումը Հունաստանի համար ունի մեծ կարևորություն։ Միաժամանակ նա ընդգծեց դարեր ի վեր Հունաստանի հասարակական-քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքում հայերի ունեցած դերի մասին։
 
Հանդիպմանը մասնակցում էր նաև Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

  • Կիսվել: