Արդյոք Երևանն ու Բաքուն մինչև տարեվերջ կստորագրեն խաղաղության համաձայնագիր. ըստ Թոմ դը Վաալի՝ հավանականությունը 50:50 է
Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության համաձայնագիր. Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պատմող «Սև այգի» գրքի հեղինակն է, կարծում է՝ հավանականությունը 50:50 է, գրում է Ազատությունը:
«Ես ենթադրում եմ, որ այստեղ երկու մեծ հարց կա. առաջինը՝ արդյո՞ք կարելի է համաձայնություն ձեռք բերել, և երկրորդը՝ որքանո՞վ այն կայուն կլինի: Կարծում եմ՝ դեռ 50:50 է, երբ խոսքն այս տարի համաձայնություն ձեռք բերելու մասին է», - նշեց Դը Վաալը:
Ըստ փորձագետի, թեև մինչ այս որոշակի առաջընթաց նկատվել է, օրինակ, անցած տարի Ադրբեջանը որոշ հայ բանտարկյալների ազատ արձակեց, Հայաստանը որոշեց վետո չկիրառել և թույլ տալ Բաքվում անցկացնել COP-29 գագաթնաժողովը, որոշ չափով առաջ շարժվեց նաև սահմանազատման հարցը, բայց Բաքուն այժմ նոր նախապայման է առաջ քաշում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, և դա շատ բարդ հարց է Երևանի համար:
«Ենթադրում եմ՝ մյուս խնդիրն այն է, որ նույնիսկ եթե մենք խոսում ենք կարգավորման համաձայնագրի մասին, որոշ բաներ այնտեղ չեն լինի: Օրինակ, ներկայումս, ինչպես ես եմ հասկանում, տեքստում ոչինչ չկա հաղորդակցությունների մասին՝ Սյունիքով դեպի Նախիջևան տանող երթուղու մասին, այն, ինչ Ադրբեջանը անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Դա, հավանաբար, համաձայնության մեջ չի լինի: Այսպիսով, դա շատ բարդ խնդիր է, որը դեռ պետք է լուծվի: Ու էլի կան շատ մարդասիրական հարցեր, բանտարկյալների հարցը, էլի պարզ չէ՝ բոլորը կլուծվեն, թե՝ ոչ: Այսպիսով, կարծում եմ, որ գուցե ինչ- որ համաձայնագիր լինի մոտ ապագայում, սակայն միևնույն ժամանակ ամեն ինչ չափազանց դժվար է», - ընդգծեց Թոմ դը Վաալը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում.