Շերեմետևոյում ուղևորուհու ուղեբեռում հայտնաբերել են 22 միլիոն ռուբլու բրենդային իրեր
Շերեմետևո օդանավակայանի մաքսավորները Թուրքիայից ժամանած ուղևորուհու ուղեբեռում հայտնաբերել են հայտնի բրենդների 22 միլիոն ռուբլու չհայտարարագրված ապրանքներ: Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Շերեմետևո օդանավակայանում մաքսավորները հայտնաբերել են հայտնի բրենդների չհայտարարագրված ապրանքներ Ստամբուլից (Թուրքիա) ժամանած Ռուսաստանի 28-ամյա քաղաքացու մոտ: Ուղևորուհուն կանգնեցրել են ընտրողական վերահսկողության համար՝ կանաչ ուղին անցնելիս: Նրա ուղեբեռում եղել է 36 ապրանքատեսակ՝ Hermes և Chanel 3 պայուսակ, Chanel, Brunello Cucinelli, Yves Saint Laurent, Miu Miu և Schiaparelli ապրանքանիշերի 31 կտոր հագուստ, ինչպես նաև Chanel-ի 2 զույգ կոշիկ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կինը պարզաբանել է, որ ապրանքներն իր անձնական իրերն են, որոնք ստացել է որպես նվեր: Փորձաքննությունը հաստատել է ապրանքների բնօրինակ լինելը, դրանց ընդհանուր արժեքը գերազանցում է 22 միլիոն ռուբլին: Չվճարված մաքսային վճարների գումարը կազմել է ավելի քան 6 միլիոն ռուբլի, նշել են գերատեսչությունում:
«Լուծվում է ՌԴ ՔՕ 194-րդ հոդվածի 1-ին մասով (մաքսային վճարների վճարումից խուսափելը) քրեական գործ հարուցելու հարցը: Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է պատիժ՝ ազատազրկման ձևով՝ մինչև երկու տարի ժամկետով, կամ տուգանք՝ մինչև հինգ հարյուր հազար ռուբլու չափով»,- նշվում է հաղորդագրության մեջ:



