Իսրայելն արտաքսել է Հորդանան գետի Արևմտյան ափին փակ ռազմական գոտու ռեժիմը խախտելու համար ձերբակալված 13 օտարերկրյա քաղաքացու: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը՝ հավելելով, որ ևս մեկ անձ սպասում է արտաքսման։

Ըստ ոստիկանության տվյալների՝ օտարերկրացիներին ձերբակալել են Ռամալլայից ոչ հեռու՝ Լուբբան ալ Ղարբիա գյուղի մերձակայքում գտնվող ֆերմայի տարածքում բախման մասին հաղորդումից հետո։
 

Ինչպես նշվում է՝ հանգստյան օրերին միջադեպի մասին տեղեկություն ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել իսրայելցի զինվորականները և ձերբակալել տեղի ունեցածին առնչություն ունենալու մեջ կասկածվող 14 օտարերկրացու։ Նրանք հարցաքննվել են օրինական կարգադրությունը խախտելու և փակ ռազմական գոտի մուտք գործելու կասկածանքով։ Այնուհետև նյութերը փոխանցվել են Բնակչության և ներգաղթի հարցերով վարչություն՝ արտաքսման հարցը քննարկելու համար։

Ձերբակալվածների փաստաբան Ալոն Սապիրը The Times of Israel-ին հայտնել է, որ խումբը բաղկացած էր 15 օտարերկրյա քաղաքացուց, որոնք եկել էին պաղեստինցիներին օգնելու ձիթապտղի բերքահավաքի հարցում։ Ըստ նրա, երբ զինվորները ժամանել են դեպքի վայր, խմբին ներկայացրել են նույն օրը տրված՝ տարածքը փակ ռազմական գոտի հայտարարելու մասին հրամանը։

Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը։