Վրաստանում ԱՄՆ դեսպանը հրաժարվում է պաշտոնից
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հրաժարվում է պաշտոնից։ Նրա հայտարարությունը տարածել է դիվանագիտական առաքելությունը, գրում է aliq.ge-ն:
«ԱՄՆ դիվանագիտական ծառայությունում 33 տարի աշխատելուց հետո ես անձնական որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից», — ասված է հայտարարության մեջ։
Դանիգանը ընդգծել է, որ իր որոշումը պայմանավորված չէ ամերիկյան իշխանությունների դիրքորոշմամբ։ «Սա լիովին անձնական որոշում է։ Ես դա չեմ անում կառավարության խնդրանքով», — պարզաբանել է նա։
Իր խոսքով՝ Վրաստանում աշխատելը իր ողջ կարիերայի «ամենամեծ պատիվն» էր։ Նա ընդգծել է Վաշինգտոնում ամերիկյան կառավարության և Թբիլիսիում գտնվող դեսպանատան «հրաշալի թիմի» ներդրումը երկկողմ համագործակցության զարգացման գործում։
Դիվանագետը կշարունակի պաշտոնավարել մինչև հուլիս, որից հետո կմեկնի երկրից։
Դանիգանը Թբիլիսիում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարն է 2023 թվականից։