Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Պարտադիր չէ մի ամբողջ շենք ոչնչացնել ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին ես փնտրում, որովհետև այդ բնակելի շենքերում բազմաթիվ մարդիկ կան, և նրանք բոլորը «Հեզբոլլահ» չեն», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նշել է, որ Իսրայելը պետք է ավելի պատասխանատու գտնվի։ Նրա խոսքով՝ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի հետ կռվել է «չափազանց երկար, և չափից շատ մարդիկ են մահանում»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա զայրացած լինելու մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ իրենք «հրաշալի հարաբերություններ» ունեն, սակայն Նեթանյահուն «պետք է ավելի պատասխանատու գտնվի Լիբանանի առումով»։
«Ինձ դուր չեկավ, որ նա հարձակվեց։ Դա չափից շատ էր», - ասել է Թրամփը՝ նկատի ունենալով հունիսի 14-ին իսրայելական ավիահարվածը Բեյրութին։
«Առանց ԱՄՆ-ի Իսրայել չէր լինի, որովհետև ոչ մի այլ նախագահ պատրաստ չէր անելու այն, ինչ արեցի ես», - հավելել է նա։
Թրամփը նաև նշել է, որ առաջարկել է Իսրայելին թույլ տալ, որ «Սիրիան զբաղվի «Հեզբոլլահ»-ի հարցով», քանի որ «նրանք ավելի լավ գործ կանեին»։
ԱՄՆ նախագահին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-Իրան համաձայնությունը կարող է գոյատևել, եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա։ Թրամփը պատասխանել է՝ «Այո, կարող է»։



