հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը

Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին Լոս Անջելեսում ներկա չի լինի Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Միացյալ Նահանգների հավաքականի առաջին խաղին՝ ընդդեմ Պարագվայի հավաքականի։ Այս մասին Politico-ին հայտնել են թեմային ծանոթ երկու աղբյուրներ, որոնք ցանկացել են անանուն մնալ։

Այս բացակայությունն ուշագրավ է, քանի որ ԱՄՆ-ն, Մեքսիկայի և Կանադայի հետ միասին, աշխարհի խոշորագույն սպորտային իրադարձություններից մեկի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընդունող երկրներից է։

Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան հունիսի 10-ին հայտարարել է, որ կմեկնի Կալիֆոռնիա՝ հանդիպմանը ներկա գտնվելու համար։

ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ ԱՄՆ պաշտոնական պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նշենք, որ ԱՄՆ վարչակազմը բախվում է մրցաշարի հետ կապված մի շարք դիվանագիտական և կազմակերպչական մարտահրավերների, այդ թվում՝ որոշ մասնակից երկրների և պատվիրակությունների հետ կապված վիզաների հետ կապված խնդիրների։

Թրամփը բազմիցս Աշխարհի առաջնությունը և 2028 թվականի Օլիմպիական խաղերը, որոնք նույնպես Լոս Անջելեսում են, անվանել է իր նախագահության ընթացքում տեղի ունեցող կարևոր միջազգային միջոցառումներ՝ դրանք համարելով ամերիկյան ուժը ցուցադրելու հնարավորություններ։

48 հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին։ Բացման խաղում Մեքսիկան կմրցի Հարավային Աֆրիկայի հավաքականի հետ Մեխիկոյի «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում։

Սա Աշխարհի առաջնության 23-րդ խաղարկությունն է։ Խաղերը կանցկացվեն 16 քաղաքի 16 մարզադաշտում՝ 11-ը՝ Միացյալ Նահանգներում, 3-ը՝ Մեքսիկայում և 2-ը՝ Կանադայում։

 

  • Կիսվել: