Սիրիան երկարաձգել է հրադադարը քրդերի հետ
Սիրիայի անցումային կառավարությանը ենթակա Պաշտպանության նախարարությունը հայտարարել է քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի հետ հրադադարի 15-օրյա երկարաձգման մասին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հայտարարությունից, հայտնում է SANA-ն՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ է մտել երեկ՝ հունվարի 24-ին։
ՊՆ-ից, մասնավորապես, հայտնել են. «Զինադադարի երկարաձգումն իրականացվում է «Իսլամական պետության» բանտարկված անդամներին ՍԴՈՒ բանտերից Իրաք տեղափոխելու ԱՄՆ գործողություններին աջակցության շրջանակներում»:
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ հունվարի 18-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հաստատել է քրդական ուժերի հետ կնքված նոր հրադադարի համաձայնագիրը։
Փաստաթղթում նշվում է, որ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր և Ռաքքա նահանգները կանցնեն հանրապետության ժամանակավոր կառավարության լիակատար վերահսկողության տակ։ Հասակե նահանգում քրդերի կողմից ստեղծված բոլոր քաղաքացիական հաստատությունները կներառվեն սիրիական պետության մեջ։ Սիրիական բանակը պատասխանատու կլինի տարածաշրջանի բոլոր սահմանային անցակետերի և նավթագազային հանքավայրերի անվտանգության ապահովման համար։



