Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Գոլանի բարձունքներից և Սիրիայի տարածքում գտնվող անվտանգության գոտուց: Այս մասին, պատասխանելով Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի այն խոսքերին, թե Գոլանը սիրիական տարածք է, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, տեղեկացնում է The Times of Israel-ը։

Կացը հյուսիս-արևելքում գտնվող ռազմավարական բարձրավանդակն անվանել է «Իսրայելի անբաժանելի և հավերժական մաս» և հայտարարել, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Հերմոն լեռան վրա և բուֆերային գոտում, որը իսրայելական ուժերը զբաղեցրել են 2024 թվականին Բաշար Ասադի տապալումից հետո։

Ըստ նախարարի՝ Իսրայելը մտադիր չէ հեռանալ այդ տարածքներից, քանի որ 1974 թվականի ուժերի տարանջատման համաձայնագրի պայմանները խախտվել են։ Կացը հայտարարել է, որ դրանից հետո Սիրիան վերածվել է «իրանական բազայի» և Իսրայելի ու նրա սահմանների համար սպառնալիքի աղբյուրի։

«Մենք կմնանք Հերմոն լեռան վրա և անվտանգության գոտում այնքան ժամանակ, քանի դեռ սահմանին և իսրայելական բնակավայրերին սպառնում է ջիհադիստական վտանգը, որը բխում է սիրիական անվտանգության ուժերից կամ Սիրիայում գործող այլ ջիհադիստական կազմակերպություններից ու խմբավորումներից»,- ասել է Կացը։

Նա նախազգուշացրել է նաև, որ եթե Սիրիայի տարածքից Իսրայելի դեմ հարձակում իրականացվի, ապա պատասխան գործողությունների ընթացքում գրավված տարածքները «հավերժ կմնան մերը»՝ պատերազմի օրենքներին համապատասխան։

«Մենք թույլ չենք տա, որ Սիրիան վերածվի Իսրայելի համար սպառնալիքի, և կգործենք այնպես, ինչպես անհրաժեշտ կլինի դա կանխելու համար»,- հայտարարել է նախարարը։

Նշենք, որ Իսրայելը 1967 թվականի պատերազմի ընթացքում Սիրիայից գրավել է Գոլանի բարձունքների մեծ մասը, իսկ 1981 թվականին այդ տարածքի վրա տարածել է իր օրենսդրությունը, իրավազորությունը և կառավարումը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 497 բանաձևով այդ որոշումը ճանաչել է միջազգային իրավական ուժ չունեցող և Իսրայելից պահանջել է չեղարկել այն։

Միաժամանակ Իսրայելը Գոլանի բարձունքները համարում է իր տարածքը։ Աշխարհի երկրների մեծ մասը և ՄԱԿ-ը չեն ճանաչում իսրայելական բռնակցումը և Գոլանը բռնազավթված սիրիական տարածք են համարում։