Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ գիշերը Զապորոժիեում 9 օդային հարված է հասցվել։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ ռուսական հարձակման հետևանքով մի քանի շենքերում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։
Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկովսկի շրջանում հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Հրդեհվել է ավտոտնակ, ամառային խոհանոց և օժանդակ շինություն։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ վնասվել են նաև լիցեյ, մարզադահլիճ և մասնավոր տուն։
Կրիվոյ Ռիգը նույնպես հարված է ստացել, անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվել են մեքենաներ։
Երեկ երեկոյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա։ Նովոկույբիշևսկում էլ բնակիչները լսել են ավելի քան 10 պայթյուն։ Շրջաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերն էլ Խերսոնի մարզում ուկրաինական զինուժի հարձակում էր գործել, որի հետևանքով մահացածների թիվը հասել է 27–ի, նրանց թվում երկու անչափահաս կա: Այդ մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժհաստատություններ է տեղափոխվել 31 մարդ, այդ թվում՝ 5 երեխա: Ահաբեկչության վայրի զննության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մի քանի ԱԹՍ–ների բեկորներ:


