Ռուսաստանի ՔԿ-ն հաստատել է Ղրիմի կամրջի ահաբեկչության հանցակիցների վարկածը
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի ահաբեկչությանն Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանցակցության մասին վարկածը հաստատվել է։ Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում։
«Հաստատվել է վարկածն այն մասին, որ Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության պլանավորումն ու կազմակերպումն իրականացրել են ուկրաինական հատուկ ծառայությունները»,- ասել է Բաստրիկինը։
ՌԴ ՔԿ ղեկավարը նշել է, որ հանցագործության մասնակից 12 մարդկանցից 8-ը կալանավորվել է։ Նրանք, Բաստրիկինի խոսքով, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ են։
«Նրանց մեջ կան մարդիկ, որոնք ապահովել են տարբեր ապրանքների տարանցման ուղին դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք՝ պետական սահմանով ականապատված բեռնատարի հետագա ճանապարհը շարունակելու նպատակով»,- պարզաբանել է նա։
Քննչական կոմիտեի նախագահը տեղեկացրել է նաեւ, որ կալանավորվածների հետ արդեն քննչական գործողություններ են իրականացվել։
«Կատարվում են տեխնիկական փորձաքննություններ՝ պայթուցիկ սարքի տեղադրման եւ այն գործի դնելու մեխանիզմի վերաբերյալ»,- ավելացրել է ՔԿ ղեկավարը։