Ռուսաստանի ներկայացուցիչը չընտրվեց ՄԱԿ-ի դատավորների կազմում
Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրիլ Գևորգյանը, որ 2015 թվականից Հաագայի միջազգային դատարանի դատավորն է, երկրորդ ժամկետով չի վերընտրվել։
Նոյեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նա պարտվել է Ռումինիայի ներկայացուցիչ Բոգդան-Լուչիանու Աուրեսկուին, որին աջակցել են գլխավոր ասամբլեայի 117 անդամներ։
Խորհրդային և ռուսաստանցի դատավորները ՄԱԿ-ի դատական համակարգում են 1946 թվականից: Այսպիսով, առաջին անգամ Արդարադատության միջազգային դատարանում Ռուսաստանի ներկայացուցիչ չի լինի։
Բացի Աուրեսկուից՝ Արդարադատության միջազգային դատարանում ընտրվել են ևս երեք նոր դատավոր ԱՄՆ-ից, Մեքսիկայից և Հարավային Աֆրիկայից, վերընտրվել է նաև գործող դատավորներից մեկն Ավստրալիայից:
Արդարադատության միջազգային դատարանը բաղկացած է 15 դատավորից, որոնց պաշտոնավարման ժամկետն ինը տարի է։ Միաժամանակ երեք տարին մեկ ընտրություններ են անցկացվում ազատվող հինգ տեղերի համար։ Մի քանի ժամկետ անընդմեջ ծառայելու արգելք չկա: