Պակիստանում տեղատարափ անձրևների պատճառով զոհերի ընդհանուր թիվը հասել է գրեթե 280-ի
Պակիստանի Փունջաբի նահանգում մոլեգնող մուսսոնային անձրևների պատճառով 84 մարդ է զոհվել, 224 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել է 245 տուն։ Այս մասին հայտնել է Տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչությունը, տեղեկացնում է Express Tribune-ը։
Նշվում է, որ զոհերի հիմնական պատճառ են դարձել կայծակի հարվածները, էլեկտրահարումը, տների փլուզումը։ Անձրևների պատճառով անկել են նաև տասնյակ ընտանի կենդանիներ։
Իշխանությունները Փունջաբի հարավում հայտարարել են հեղեղումների վտանգ։
Իսկ օգոստոսի 18-ին Express Trubune-ը, վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունը, հայտնել էր, որ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 195 մարդ է զոհվել հորդառատ անձրևների և դրանց հաջորդած հեղեղումների հետևանքով։ Եվս 362 հոգի ստացել է տարբեր վնասվածքներ: