Պաղեստինամետ ակտիվիստները ներկ են լցրել Ֆինլանդիայի ՊՆ շենքի ճակատային հատվածի վրա
Հելսինկիում պաղեստինամետ ակտիվիստները վարդագույն ներկ են լցրել Ֆինլանդիայի Պաշտպանության նախարարության շենքի ճակատային հատվածի վրա, տեղեկացնում է Yle հեռուստառադիոընկերությունը:
Ինչպես հաղորդվում է՝ հունիսի 7-ի գիշերը ներկվել է նախարարության շենքի գլխավոր մուտքի հատվածը: Անվտանգության աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է, որ դեռևս չհայտնաբերված տղամարդն ու կինը փախուստի են դիմել դեպքի վայրից: Հարուցվել է գործ՝ գույքին հատկապես լուրջ վնաս հասցնելու մեղադրանքով:
Նշվում է նաև, որ գործողության պատասխանատվությունը ստանձնել են Palestine Action խմբավորման ակտիվիստները, որոնք դեմ են Գազայի հատվածում հակամարտությանը և Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության համագործակցությանը Իսրայելի պաշտպանական ձեռնարկությունների հետ։