Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
Լոնդոնը պլանավորում է Կիևին հարստացված ուրան մատակարարել ատոմակայանների համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը։
«Մեծ Բրիտանիան հաջորդ երկու տարվա ընթացքում ուկրաինական ատոմային էլեկտրակայանների աշխատանքը կապահովի՝ UK Export Finance աջակցության փաթեթից 210 միլիոն ֆունտ ստեռլինգ տրամադրելով, ինչը բրիտանական Urenco ընկերությանը թույլ կտա հարստացված ուրան մատակարարել ուկրաինական «Էներգոատոմ» ատոմային էներգիա արտադրողին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո։
Այս գործարքը կարևոր է Ուկրաինայի էներգետիկ անվտանգության համար, քանի որ «Էներգոատոմ»-ը մատակարարում է երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան 50%-ը, հավելել են Դաունինգ Սթրիթում։
2023 թ. օգոստոսին երկրներն արդեն կնքել են 245 միլիոն դոլարի վառելիքի գնման գործարք, որին մասնակցել է Urenco-ն։Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Լոնդոնն ընդլայնում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները։



