Մակրոնն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում Renault-ի դրոնների արտադրության հարցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ խոսել են դրոնների արտադրության մասին։ Խոսքն Ուկրաինայում Renault-ի հետ համատեղ դրոնների արտադրության մասին: Այս մասին LCI-ի եթերում հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն, տեղեկացնում է РБК-Украина-ն։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ճակատում Ռուսաստանի դեմ պայքարելու համար աջակցության և ռազմական օգնության կարիք ունի։ ԱԳ նախարարը նշել է, որ Ֆրանսիային հաջողվել է մոբիլիզացնել ներխուժման սկզբում սառեցված ռուսաստանյան ակտիվներից ստացված եկամուտները և ռեսուրսներն ուղղել Ուկրաինային։
«Կարևոր է, որ շարունակենք օգնել Ուկրաինային զարգացնելու սեփական սարքավորումներ արտադրելու իր կարողությունը, և հենց դա էլ Ֆրանսիան անելու է՝ համագործակցելով Ուկրաինայի հետ»,-ասել է Բարոն և հիշեցրել, որ վերջերս հայտարարվել է Ուկրաինայում Renault ընկերության հետ համատեղ դրոնների արտադրության մասին։
«Այսօր պետք է գիտակցել, որ այս պատերազմը դրոնների պատերազմ է, և զինվորները միմյանց դիմակայում են դրոնների միջոցով, ուստի սա շատ կարևոր ասպեկտ է, որի մասին նախագահը խոսել է Վլադիմիր Զելենսկու հետ շաբաթվա սկզբին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ»,-նշել է նա: