չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Փաշինյանը հլու հնազանդ Ալիևի պահանջները կատարում է. Լեւոն Քոչարյան

Փաշինյանը հլու հնազանդ Ալիևի պահանջները կատարում է. Լեւոն Քոչարյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խայտառակ և անընդունելի է համարում երկրի նոր Սահմանադրության՝ օրերս հրապարակված նախագիծը։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում։

Լևոն Քոչարյանը հիշեցրել է, որ բոլոր հետապնդումները բացառապես քաղաքական բնույթ ունեն, չկա հանցագործություն, չկա հանցակազմ։ «Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր է՝ կալանքի տակ է։ Իրականությունը պարզ է․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանում նոր Սահմանադրություն է ուզում, իսկ Նիկոլ Փաշինյանը կալանքի տակ է պահում բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են դրան։ Խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերի առաջնորդներն էլ կալանքի տակ են։ Սա է իրականությունը, սա է ճշմարտությունը»,- արձանագրել է Քոչարյանը։

 

Անդրադառնալով Սահմանադրության նախագծին՝ նա ընդգծել է, որ «Հայաստան» խմբակցությունն ամիսներ շարունակ խոսել է դրա՝ արտաքին պահանջ լինելու մասին։ «Մեզ անընդհատ քննադատում էին, ասում էին՝ նախագիծը չենք տեսել, բայց եզրակացություններ ենք անում, առաջարկում էին ծանոթանալ, հետո նոր գնահատական տալ»,- նկատել է Քոչարյանը։

 

«Կարծում եմ՝ բոլորն էլ սպասումներ ունեին։ Այժմ նախագիծը հրապարակված է, և բոլորը տեսան, որ ներկայացվել է խայտառակ մի փաստաթուղթ, որն էլ ավելի է ամրապնդում իշխանությունների ավտորիտար ձգտումները։ Ընդ որում՝ փորձում են օրենքին հետադարձ ուժ տալ և լիակատար վերահսկողություն սահմանել դատավորների նկատմամբ»,- նշել է պատգամավորը։ Քոչարյանի խոսքով՝ նույնիսկ եթե նախագծում պահպանվեր Անկախության հռչակագրին արվող հղումը, նման տեքստն անընդունելի կլիներ։ «Այս նախագիծն էլ ավելի վատն է, քան գործող Սահմանադրությունը։ Մենք միանշանակ դեմ կլինեինք նաև Հռչակագրին հղման դեպքում»,- հայտնել է Քոչարյանը։

 

Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն արձանագրեց երկրում տիրող քաղաքական անօրինականությունը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանրաքվե կազմակերպելու համար 6 ձայնի խիստ կարիք ունեցող Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը հնչել է այնպիսի իրավիճակում, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի երկու առաջնորդներն էլ կալանքի տակ են։ Կալանքի տակ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որի «ձայներն ընտրություններում օրը ցերեկով գողացվել են»։

 

Ընդ որում, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ հնարավորություն չի ունեցել ծանոթանալ նախագծի տեքստին։ «Բայց, ինչպես արդեն ասել ենք, ընտրություններում ՀՀ քաղաքացիներն իրենց ձայնով պատասխանել են այդ հարցին (Սահմանադրության վերաբերյալ)։ Փաշինյանն ասում է՝ «եկեք նոր Սահմանադրությունը ներկայացնենք ժողովրդի դատին»։ Ժողովուրդն արդեն որոշում է կայացրել», — հիշեցրեց Խամոյանը՝ նկատի ունենալով, որ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողացել խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձևավորել։

  • Կիսվել: