Լիտվան չեղարկեց Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների առանց վիզայի ռեժիմը
ԵՄ անդամ Լիտվան ևս չեղարկեց Վրաստանի այն քաղաքացիների առանց վիզայի ռեժիմը, ովքեր ունեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր, գրում է aliq.ge-ն:
Ըստ Delfi գործակալության՝ Լիտվայի կառավարությունը համապատասխան բանաձևն ընդունել է մայիսի 21-ին։ Այս բանաձևով կյանքի է կոչվել Եվրամիության խորհրդի 2025 թվականի հունվարին ընդունած որոշումը, որի համաձայն՝ Վրաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների խախտման պատճառով դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերը այլևս չեն կարողանա օգտվել Եվրամիություն առանց վիզայի ճանապարհորդությունից։
Լիտվայի կառավարությունը հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել որոշման մասին Եվրահանձնաժողովին և ԵՄ մյուս անդամ պետություններին։
Մայիսի սկզբին նմանատիպ որոշում կայացրեց մեկ այլ բալթյան պետություն՝ ԵՄ անդամ Էստոնիան։
ԵՄ մի շարք անդամ պետություններ, այդ թվում՝ Բալթյան երկրները, պատժամիջոցներ են կիրառել «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի, կուսակցության առաջնորդների և նրանց քաղաքականության կողմնակիցների նկատմամբ՝ հակաժողովրդավարական օրենքների, այդ թվում՝ «գործակալների օրենք»-ի և ԼԳԲՏ համայնքի իրավունքները սահմանափակող օրենքի, նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության համար։ ԱՄՆ-ն նույնպես պատժամիջոցներ է կիրառել։
Վրաստանում բողոքի ցույցերը սկսվեցին 2024 թվականի նոյեմբերի վերջին` այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի ներառի Եվրամիությանն անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը։
«Վրացական երազանք»-ը մեղադրվում է հակաարևմտյան և ռուսամետ քաղաքականություն վարելու համար, ինչը իշխող կուսակցությունը հերքում է՝ անընդհատ խոսելով Deep State-ի ազդեցության մասին և պնդելով, որ իր քաղաքականությունը համապատասխանում է երկրի ազգային շահերին և չի փոխվի պատժամիջոցների պատճառով։