հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Լավրովը հույս է հայտնել, որ Իրանը կշարունակի համագործակցել ԱԷՄԳ-ի հետ

Լավրովը հույս է հայտնել, որ Իրանը կշարունակի համագործակցել ԱԷՄԳ-ի հետ

Իրանի խորհրդարանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը խորհրդատվական բնույթ ունի, և Ռուսաստանը հուսով է, որ այն կշարունակվի: Այս մասին Լաոսի արտաքին գործերի նախարար Թոնգսավան Ֆոմվիհանեի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, ասել է. «Ես չեմ կարող մեկնաբանել Իրանի խորհրդարանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը։ Որոշումը խորհրդատվական բնույթ ունի գործադիր իշխանության նկատմամբ: Մենք հետաքրքրված ենք ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցությամբ։ Մենք հետաքրքրված ենք, որ բոլորը հարգեն Իրանի գերագույն առաջնորդի բազմիցս արված հայտարարությունները, որ Իրանը չունի և չի ունենա միջուկային զենք ստեղծելու ծրագրեր։ Այս հարցի վերաբերյալ կա հատուկ ֆեթվա՝ կրոնական փաստաթուղթ, որը Իսլամական Հանրապետությունում բարձրագույն ուժ ունի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանը հաստատել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծ։

 

  • Կիսվել: