ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը («Առաջադիմականներ») Լատվիայի օդային տարածքում դրոնների հետ կապված վերջին միջադեպերից հետո այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին տեղեկացնում է LSM-ը։

Նա նշել է, որ «Պրոգրեսիվներ» կուսակցությունը կառավարության կազմում մնալ-չմնալու հարցը կորոշի հաջորդ շաբաթ՝ կուսակցության վարչության և Սեյմի խմբակցության նիստերի ժամանակ։

«Ես որոշել եմ թողնել պաշտպանության նախարարի պաշտոնը, որպեսզի զերծ պահեմ լատվիական բանակը քաղաքական արշավների մեջ ներքաշվելուց: Վերջին օրերին և շաբաթներին մենք բախվել ենք դրոնների հետ կապված լուրջ միջադեպերի։ Դրոնները, օտար դրոնները, չպետք է սպառնան մեր ժողովրդի անվտանգությանը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սպրուդսը։

Նրա խոսքով՝ պաշտպանության ոլորտը շատ բան է արել և կշարունակի անել ամեն ինչ՝ Լատվիայի օդային տարածքը պաշտպանելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։

«Զինված ուժերը, պետության պաշտպանունակությունն ու մարդկանց անվտանգությունը շատ ավելի կարևոր են, քան նախարարական ցանկացած պաշտոն կամ կուսակցական շահը»,-նշել է Սպրուդսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 7-ի գիշերը մի քանի անօդաչու թռչող սարքեր են ներթափանցել Լատվիայի օդային տարածք։ Դրանցից մեկն ընկել էր Ռեզեկնեի նավթամբարի տարածքում։ Բարեբախտաբար, ամբարները դատարկ են եղել, և միջադեպի հետևանքով տուժածներ կամ զոհեր չեն գրանցվել։

Այդ պահին երկրորդ անօդաչուի որոնումները դեռ շարունակվել են, սակայն հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, ոստիկանությունը հայտնել է, որ երկու ԱԹՍ է հարվածել Ռեզեկնեի նավթաբազային։ Հետաքննությունը փորձում է պարզել, թե արդյո՞ք դա նույն անօդաչուն էր, որն անհետ կորած էր համարվում այլ վայրում։

  • Կիսվել: