«Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը ստացել է բացասական եզրակացություն
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստում քննարկվել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» ԱԺ հայտարարության նախագիծը։
«Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը ներկայացրել է հայտարարության բովանդակությունը, տեղեկացրել, որ նոյեմբերի 16-ին խմբակցությունը վերոնշյալ թեմայով հրավիրել է խորհրդարանական լսումներ։ Ընդդիմադիր ուժը ներկայացնող պատգամավորի խոսքով խորհրդարանական լսումների թեման և առիթը Հայաստանում ժողովրդավարության խորացող նահանջն ու ճգնաժամն են, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները, երկրում տիրող, իր գնահատմամբ, ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտը։
Լիլիթ Գալստյանը մեջբերել է քննարկվող թեմայի շրջանակում միջազգային որոշ կազմակերպությունների ներկայացրած ուսումնասիրություններն ու տվյալները Հայաստանում ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության նախագիծը՝ հղմամբ։
Հարակից զեկուցող Արման Եղոյանն ընդգծել է, որ ներկայացված գնահատականները որևէ աղերս չունեն իրողությունների հետ ու հակափաստարկներ ներկայացրել։
«Տիկին Գալստյան, ժողովրդավարության մասին մի քիչ այլ պատկերացում ունեք։ Ոչ ժողովրդավարական երկրներում նման նախագծեր չեն բերվում։ Ժողովրդավարությունը հենց սա է, որ Դուք բերեք, ես էլ ձեզ հիշեցնեմ, թե ինչ է եղել ձեր իշխանության օրոք, և Դուք մտածեք այդ մասին։ Դա է ժողովրդավարությունը»,- ընդգծել է Արման Եղոյանը։
Նա նշել է, որ խնդիր չի տեսնում, որ հայտարարությունում արծարծված փաստական որոշ հանգամանքներ ենթարկվեն վերլուծության և քննության, սակայն հնչեցված գնահատականների հետ կտրականապես համաձայն չէ։ Պատգամավորն առաջարկել է դեմ քվեարկել նախաձեռնությանը։
Հարցուպատասխանի և ելույթների ձևաչափում անդրադարձ է կատարվել հայտարարության բովանդակությանը։ Իշխող ուժը ներկայացնող պատգամավորներն անհամաձայնություն են հայտնել հայտարարության ձևակերպումների ու իշխանության վարած քաղաքականության, ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հետապնդումների վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած տեսակետների առնչությամբ։
Քննարկումների արդյունքում հայտարարության նախագիծը ստացել է բացասական եզրակացություն։


