ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Պարագվայի նախագահը հրաժարական է տվել

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել

Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան հայտարարել է իր հրաժարականի մասին՝ երկրում խոշորագույն թվային բանկերից մեկի՝ Ueno Bank-ի փլուզմամբ պայմանավորված լայնածավալ ֆինանսական և քաղաքական ճգնաժամի հետնատեքստում։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում հրապարակված ուղերձում։

Նախագահը, մասնավորապես, նշել է. «Ես որոշել եմ հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից»:

Պենյան իր որոշումը բացատրել է երկրի կայունությունը, հասարակական խաղաղությունն ու ժողովրդավարական ինստիտուտները պահպանելու ձգտմամբ։ Նա նաև ներողություն է խնդրել քաղաքացիներից իր կառավարության հնարավոր սխալների համար, սակայն չի ընդունել բանկային ճգնաժամի համար անձնական պատասխանատվությունը։

Ինչպես հայտնի է՝ ճգնաժամը բռնկվել է, երբ Պարագվայի կենտրոնական բանկը միջամտել է Ueno Bank-ի գործունեությանը՝ հայտնաբերելով կապիտալի համարժեքության ցուցանիշի կրիտիկական անկում։ Բանկը, որի ծառայություններից օգտվում էր շուրջ երեք միլիոն մարդ, դադարեցրել է հաճախորդների սպասարկումը։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ բանկում պահվող միջոցների թվում կային նաև պետական միջոցներ և կենսաթոշակային խնայողություններ։

Նշվում է, որ իրավիճակը հանգեցրել է ավանդատուների զանգվածային բողոքի ակցիաների, որոնք պահանջում էին վերադարձնել իրենց խնայողությունները, ինչպես նաև նախագահի պաշտոնանկության պահանջների։ Ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնել են իմպիչմենտի ընթացակարգ՝ Պենյային մեղադրելով շահերի հնարավոր բախման և ֆինանսական հաստատության նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության մեջ։ Մինչև 2025 թվականի մարտը նախագահը բաժնեմաս ուներ բանկի հետ կապված հոլդինգում։

Ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Կենտրոնական բանկի ղեկավար Կառլոս Կարվալյոն, որը նախկինում ղեկավարել էր Ueno ֆինանսական ընկերությունը։ Իշխանությունները ձերբակալել են նաև բանկի ղեկավարներին, իսկ իրավապահ մարմինները մեղադրանքներ են առաջադրել նրա տասնյակ աշխատակիցների և գործարար գործընկերների։

Պենյան հայտարարել է, որ իր առաջնահերթությունը շարունակում է մնալ ավանդատուներին նրանց միջոցների վերադարձը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: