ԲՏԱՆ տեղակալը Լատվիայում քննարկել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը Լատվիայի Հանրապետությունում մասնակցել է «Techritory» 9-րդ ամենամյա համաժողովին, որն անցկացվել է «Անվտանգություն և բարեկեցություն թվայնացման և կապի միջոցով» խորագրի ներքո։ Այդ մասին հայտնում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից։
Համաժողովի օրակարգում ընդգրկված էին թվային փոխակերպման, կապի, կիբեռանվտանգության, թվային ինքնության և տվյալների կենտրոնների զարգացմանն առնչվող հարցեր։
Լատվիա կատարած այցի շրջանակում Արամայիս Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցելլ Լատվիայի պետական կառույցների, ակադեմիական հաստատությունների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Լատվիայի Արհեստական բանականության կենտրոնի և New Nordic AI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության կարգավորման ավազան ստեղծելու հնարավորությունները՝ հաշվի առնելով Լատվիայի փորձը։ Անդրադարձ է կատարվել նաև տվյալների անվտանգությանը և արհեստական բանականության ոլորտում քաղաքականության մշակման հարցերին։
Համաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության անվտանգ կիրառման հարցերին։ Կարևորվել են այս ուղղությամբ միջազգային փորձի փոխանակումն ու համագործակցությունը։
Ռիգայի տեխնիկական համալսարանի ռեկտոր Տալիս Յուհնայի հետ հանդիպմանը քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև համալսարանների և տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները։
Zetes ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են թվային նույնականացման լուծումների, մասնավորապես՝ imID համակարգի ներդրման և կարգավորման ուղղությամբ մասնագիտական խորհրդատվության հնարավորությունները։
Այցի շրջանակում կայացած հանդիպումները հնարավորություն են տվել քննարկելու Հայաստանի և Լատվիայի միջև տեխնոլոգիական համագործակցության խորացման, փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի ձևավորման հեռանկարները։



